Մեդիա արշավ «Դեպի Քարաբերդի 12-րդ հանրային լսումներ»՝ 2025 թ, օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին,
Բոլորս գալու ենք Քարաբերդ:
Քարաբերդի էկոլոգիական պաշտպանության նախաձեռնությունը 2025 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում, լրագրողների և ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ իրականացնելու է մեդիաարշավ՝ «Դեպի Քարաբերդի 12-րդ հանրային լսումներ» խորագրով։
________________________________________
🔎 Նախապատմություն
• Վերջին 5 տարիներին, հայաստանյան և օտարերկրյա տարբեր կազմակերպություններ ձեռնարկել են Քարաբերդում հանքա-երկրաբանական թեմաներով 11 հանրային լսում՝ նպատակ ունենալով Քարաբերդի տարածքներում իրականացնել ոսկու պաշարների վերագնահատման և այլ աշխատանքներ՝ հետագայում այն արդյունահանելու նպատակով։
• Քարաբերդում արդեն առկա է ոսկու հանքավայր, և ըստ էության խոսքը գնում է հանքերի նոր տարածքների ընդլայնման մասին։
• Այս տարի, Քարաբերդում, օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու թվով արդեն 4-րդ փորձը՝ լսումներ անցկացնելու ուղղությամբ, կազմակերպված երկու տարբեր նախաձեռնությունների կողմից։
________________________________
❌ Նախորդ լսումները
• Նախկին երեք իրականացված լսումներից մեկի ընթացքում քաղաքացիները դեմ են արտահայտվել նախաձեռնությանը։
• Մյուս երկու լսումները չեղարկվել են, քանի որ համայնքի բնակիչները հրաժարվել են լսել նախաձեռնողներին՝ նշելով, որ դեմ են իրենց տարածքներում հանքերի ընդլայնման հեռանկարներին։
• Յուրաքանչյուր լսումից հետո, ըստ Քարաբերդ գյուղի բնակիչների արտահայտած մտահոգությունների, նախաձեռնությունների կողմնակիցները վերադառնում են գյուղ և կիրառում են տարբեր մեթոդներ՝ նրանց համոզելու, որպեսզի կողմ արտահայտվեն գործունեությանը։
________________________________________
🧪 Առկա Հետազոտություններ
2022 թվականին Քարաբերդում առկա ոսկու հանքավայրի մերձակա տարածքներում իրականացվել են օրգանական և բիոլոգիական նմուշառումների միջազգային փորձաքննություններ, որոնք բացահայտել են ռիսկային բարձր կոնցենտրացիաներ՝ հանքին մոտ հողերում և բնակիչների օրգանիզմում։
________________________________________
📋 Մեդիաարշավի հնարավորությունները
Մեդիաարշավի ընթացքում դուք հնարավորություն կունենաք՝
• Մասնակցել 2025 թ օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին Քարաբերդում կայանալիք «ԶՈՎ-ԳՈՒԺ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված և Փամբակ համայնքի ՏԻՄ-ի կողմից կազմակերպված «Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքներ իրականացնելու» թեմայով հերթական լսումներին, որոնք կլինեն վերջին 5 տարում իրականացված 12-րդ նամանբովանդակ հանրային լսումը և բարձրացնել ձեր հարցերը նախաձեռնողների և ՏԻՄ-ի առաջ։
• Հետաքննել, թե ինչ մեթոդներով և մեխանիզմներով է տեղի ունենում Քարաբերդում և համայնքում քաղաքացիներին իրենց նախկինում արտահայտած դիրքորոշումից հետ կանգնելցնելու կամ փոխելու, համոզելու գործընթացը մինչև լսումները և ովքեր են դա իրականացնում։
• Հետաքննել, թե ինչ տեղական և օտարերկրյա կազմակերպություններ են հետաքրքրված հանքավայրի ընդլայնմամբ, ինչու են անընդհատ վերադառնում, երբ համայնքի բնակիչները մերժում են, ինչ սոցիալական լարվածություններ են ստեղծվում, որն է ՏԻՄ-ի դերը համայնքի բնակիչների կամաարտահայտության պաշտպանության առումով։
• Ծանոթանալ 2022-ին չեխական «Արնիկա» կազմակերպության, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ համատեղ Քարաբերդի ոսկու հանքավայրին մոտ տարածքներից վերցված
օրգանական և բիոլոգիական նմուշառումների փորձաքննության արդյունքերին, որոնք կարող են ռիսկեր առաջացնել մարդկանց առողջության համար։
• Հետաքննել, թե ինչ ազդեցություններ և ռիսկեր կարող է պարունակել
հանքավայրի հնարավոր շահագործումը Վանաձորի վրա, և իրականացնել արդեն իսկ առկա հանքավայրի դիտարկումներ՝ Արցախի պուրակից, հասկանալու համար հանքավայրի հեռավորությունը քաղաքից։
• Հետաքննել և լուսաբանել, թե ինչ ռիսկեր կարող է ստեղծել Քարաբերդում հանքավայրերի ընդլայնումը գյուղի և Փամբակ համայնքի կայուն զարգացման, մասնավորապես գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման համար։
________________________________________
🗣 Մամուլի ասուլիս
Մեդիաարշավի ընթացքում Քարաբերդ գյուղում տեղի կունենա մամուլի ասուլիս՝
«Քարաբերդին և Վանաձորին սպառնացող էկոլոգիական ռիսկերը և Քարաբերդում շարունակական փորձության ենթարկվող ժողովրդավարությունը, Ովքե՞ր են պատասխանատուները։ » խորագրով։
Բանախոսներ՝
• Արթուր Սաքունց – իրավապաշտպան
• Գևորգ Քոթանջյան – իրավապաշտպան
• Օլեգ Դուլգարյան – իրավապաշտպան, բնապահպան
Մեդիաարշավը իրականացվում է Քարաբերդի շրջակա միջավայրի պահպանության, սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների և տեղական ժողովրդավարության պաշտպանության համար, հաշվի առնելով վերջին տարիներին Քարաբերդում դիտարկված սոցիալալան լարվածության շարունակական մթնոլորտը պայմանավորված շարունակական լսումներով, և համայնքի բնակիչների նկատմամբ կիրառվող սոցիալ-հոգեբանական բնույթի ճնշումները լսումների ընթացքում և բազմաբնույթ մեխանիզմների կիրառումը, քաղաքացիներին նախկինում արտահայտած դիրքորոշումից հետ կանգնեցնելու կամ փոխելու ուղղությամբ։
Բոլորս գալու ենք #Քարաբերդ / #Karaberd